Արցունքներն ակամայից թափվում էին աչքերից, ու յուրաքանչյուր կաթիլն այրում էր այտերը: Պատասխան չուներ, ավելի ճիշտ` անիմաստ էր պատասխանել, քանի որ միևնույն է` ոչինչ չէր կարող ապացուցել: - Տիկի´ն Սանթրոսյան, ինչպե՞ս կարելի է նման մարդու երեխային, <չորս> նշանակել: Դուք ի՞նչ է, չե՞ք հասկանում, թե ինչպիսի անելանելի վիճակի եք հասցնում դպրոցը: - Բայց Մոնիկան նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի քարտեզի վրա… - Նա իր տեղը գիտի այս մոլորակի վրա, և նրան բավական է: Մի՞թե պարզ չէ: Ձեր` նման վերաբերմունքից, եթե շարունակվի, դպրոցը զրկելու է և´ վերանորոգման ծախսերից, և´ համակարգիչներից, որ արդեն ինչքան ժամանակ է` սպասում ենք: - Բայց ես… Հասկանո՞ւմ եք, նա մայրն իմ դեմ լարվել է, որովհետև բոլոր ծնողների ներկայությամբ նկատողություն եմ արել, որ Կոմիտաս լսելիս հաց ու երշիկ չեն ծամում, այն էլ` Ֆիլհարմոնիայում… Չէ՞ որ… - Այսքան տարվա մանկավարժական փորձ ունեք ու տարրական բաներ չեք հասկանում: Մի՞թե չեք հասկանում, որ պետք է սկսել հարգել և ընդհանրապես չի կարելի նկատողություն անել նրանց, ում տարեկան եկամուտն հասել ու անցել է որոշակի սահաման … Եթե մի անգամ էլ կրկնվի… Ես հասկանում եմ, որ զոհված ազատամարտիկի քույր եք, բայց այդ հանգամանքը Ձեզ իրավունք չի տալիս … Եթե մեկ անգամ էլ Մոնիկայի մայրը բողոքեց, մենք իրար հրաժեշտ կտանք: Ես ասացի արդեն: * * * Մանկավարժական ինստիտուտն ավարտողներից առաջինն էր, որ կամավոր հանձն առավ մեկնել Քաշաթաղի դպրոց: Պատերազմ էր: Աշակերտները շատ չէին` տասներկուսը: Բնակվելու պայմաններն անտանելի էին, բայց դիմացավ: Գիտեր նաև, որ եղբայրը մոտերքում է` ազատամարտիկների շարքերում: Մեկ ուսումնական տարի աշխատեց ու այդպես էլ չտեսավ եղբորը: Ձմռան մի խստաշունչ օր էր, երբ տանից կանչեցին դպրոցի տնօրենի մոտ: - Ինչ-որ հանձնաժողով է գալու Հայստանից` Երևանից: Պետք է տեղավորել դպրոցում: Երեխաներին զգուշացրո´ւ, որ մեկ շաբաթով դասեր չեն լինելու: Բոլոր երեխաներին կտեղավորենք Սմբատ դայու տանը: Մի տեղ կտաքացնենք, որ չմրսեն: Հարմարն այդ տունն է: Նրա կինն էլ քեզ կօգնի: Դպրոցի տնօրենը նախկին հրշեջ էր` միակ աշխատունակ տղամարդը: Մնացածը պատերազմում էին: Մանկավարժությունից հեռու մարդ էր, բարի ու համակերպվող: - Վառարանների փայտը քեզ մոտից կվերցնենք: Հո չե՞ն սառելու: Հետո մի բան կմտածենք երեխաների համար: * * * Հանձնաժողովը, որ դպրոցի հարցերով չէր, բաղկացած էր վեց հոգուց: Անդամներն ասես զինվորականներ լինեին, բայց` քաղաքացիական զգեստներով: Հենց այդտեղ էլ տեսավ նրան` Անդրանիկին: Թիկնեղ էր, միջինից բարձրահասակ, կապույտ աչքերով: Երեք օրվա ընթացքում հասկացավ, որ առանց նրա իր կյանքն անիմաստ է: Օրերը, որ այստեղ անցնում էին ձանձրալի ու տանջալից, դարձան տոնական: Հատկապես այն օրվանից հետո, երբ առաջին անգամ` գիշերը, դպրոցի բակում համբուրվեցին: Երկրագունդը պտտվում էր նրա´նց համար: … Մի գիշեր էլ, երբ սովորականի նման աստիճաններին նստած համբուրվում էին` քրքրված շալով ծածկված, գյուղը թնդաց արկի պայթյունի ձայնից: Քանդվել էր Սմբատ դայու տան կեսը: Բոլորը վազեցին դեպի երեխաների կացարանը: Մոտ երկու ժամ տեղափոխում էին երեխաներին ու փլատակների տակ մնացած կահույքը, գրքերը… Ձեռքերում ուժ չկար արդեն, ոտքերը հազիվ էին շարժվում, երբ մի կերպ հասավ դպրոցի շենք: Հիշեց, որ այդ թոհուբոհի մեջ ոչ մի անգամ աչքին չերևաց Անդրանիկը: <Աստվա´ծ իմ, միթե՞… Ես կգժվեմ, եթե նրան մի բան պատահած լինի>: … Անդրանիկին գտավ կողքի տան գոմի անկյունում` կուչ եկած, սարսափահար աչքերով: Ոտքերի տակ երևում էր վառված գրքերի մոխիրը, որով փորձ էր արել տաքանալ: Ատամները վախի՞ց, թե՞ ցրտից` չխչխկում էին: Ոչինչ չէր կարողանում ասել: Վախի՞ց, թե՞ ամոթից` գլուխը կախել էր ծնկների վրա: Մի կերպ թևատակերից բարձրացրած` քարշ տվեց մինչև դպրոցի աստիճանները: Չէր ցանկանում օգնություն կանչել: Ամաչում էր նրա համար, բայց սիրում էր ու չէր կարող թողնել… Առավոտյան, երբ մահճակալի մոտ ծնկած, գլուխը դրած Անդրանիկի անկողնուն` կիսաքուն էր, դպրոցի տնօրենի հետ ներս մտավ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Ղուկասյանը. - Ի՞նչ է եղել այս մամայի բալային: Մրսե՞լ է: - Չէ´, կարծես կոնտուզիա է , չի էլ կարողանում խոսել,- ամաչեց ստելու համար: Բայց հանուն նրա կարելի էր, սիրում էր: - Այդ հեռավորությունից կոնտուզիա չեն ստանում, աղջի´կ ջան, - Ղուկասյանն արհամարական ժպտաց ու դուրս եկավ: Այդ և մնացած օրերին զբաղված էր քանդված տունը կարգի բերելով: Անդրանիկը պառկած մնաց: * * * <Մի քանի օրից մեկնելու են, ի՞նչ է լինելու հետո>: Հիշեց, ինչպես երեկ անկողնում Անդրանիկը շշնջաց . - Դու հիմա հավերժ իմն ես, հավերժ: Կռացավ, համբուրեց, համբուրեց, տրվեց: <Դու եղար իմ առաջին տղամարդը ու այդպես էլ կմնաս: Ես վստահեցի քեզ, չնայած մենք ծանոթ էինք ընդամենը մի քանի օր: Հետո՞ ինչ: Ես չեմ փոշմանել :Ընդհակառակը` ուրախ եմ, որ հենց դու կարողացար ինձ ցույց տալ իսկական սիրո համը, կիրքը, զգացմունքների աշխարհը: Մինչ այդ ես այսքան կանացի չէի, զգայուն չէի, թույլ չէի իմ զգացմունքների հանդեպ >: Հաջորդ` վերջին գիշերը նորից նստած էին աստիճանների վրա, երբ առանց խոսքի Անդրանիկը վերարկուի ծոցագրպանից հանեց ու մեկնեց բաց կապտավուն անմոռուկի մի ծաղկացողուն: <Որտեղի՞ց էլ գտել է այս ձմռան կեսին>,- անցավ մտքով ու սեղմեց կրծքին: - Ես քեզ Երևանում կսպասեմ, լա՞վ: Հիշի´ր հասցես… * * * Երկրագունդը պտտվում է: Օրերն անցնում էին չափազանց ծանր: Անընդհատ սպասումների մեջ էր: Ամեն անգամ, երբ տեսնում էր, որ փոստատարն անտարբեր հայացքով էր անցնում դպրոցի մոտով, հիշում էր գիշերային համբույրների համը, շոյանքները, բառերը, որ ասես մատներով ճանկռում էին հոգին: <Մի՞թե հնարավոր չէ գոնե մեկ տող, մեկ բառ գրել>: Երկրագունդը պտտվում է: Մի օր էլ, իրոք որ պտտվեց, քանի որ տեսավ կաղ փոստատարի` դեպի դպրոց` քայլերը: Վազեց խելակորույս ու խլեց ձեռքից նամակը: Երևանից էր: Չհասցրեց նայել հետադարձ հասցեն: Միանգամից պատռեց ծայրն ու դուրս քաշեց նամակը: Գրողը հայրն էր, որ խնդրում էր վերադառնալ Երևան: Եղբայրը զոհվել էր, երկու օրից հուղակավորությունն էր լինելու Եռաբլուրում: * * * Հասցեն լավ էր հիշում` Արամի 5: Երբ մոտեցավ շենքին, սիրտն արագ բաբախում էր. <Եկել եմ հյուր` հավերժ մնալու համար>: Առաջին հարկում ակնոցներով մի կին հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է գնում, ո՞ր հարկ: - Հարկը չգիտեմ, Անդրանիկի մոտ: - Ի՞նչ Անդրանիկ, աղջի´կ ջան: Ճի՞շտ հասցեով ես եկել: - Քոչարյան Անդրանիկի: Իհարկե ճիշտ է: - Դեպուտատի տղայի՞: - Չգիտեմ, ի՞նչ դեպուտատ: Այսպես` թիկնեղ, կապույտ աչքերով… - Արդեն երեք օր է, ինչ մեկնել են հարսանեկան ճամփորդության: Եթե գործ ունես, արի 10-15 օր հետո: * * * Մի անգամ հպարտությունս բացակայեց մի քանի րոպեով, ու ես կարողացա զանգել քեզ: Խոսեցինք երկար, գրեթե ամեն ինչի մասին, բացի գլխավորից: Գլխավորը մնաց լեզվիս տակ, ուռեցրեց լեզուս, ու չկարողացա ոչ մի խոսք ասել այդ պահին: Դու ցանկացար ինձ առողջություն, անսահման երջանկություն ու … … Իսկ ես այդքան հեռավորությունից սկսեցի քեզ ատել, ատել ու խելակորույս սիրել` ինչքան որ կարողանում էի: Հազիվ կարողացա ասել . <Շնորհակալությո´ւն, զանգի´ր ,երբ ժամանակ կգտնես: Ուրախ կլինեմ>: Ու դրեցի լսափողը: Սիրտս, սիրտս բաժանվեց հազարավոր կտորների, ու ամեն մեկն սկսեց իր ձևով ցավել, ցավեցնել, բայց չկարողացավ մոռանալ քո շուրթերը, քո նուրբ ձեռքերը, քո խոսքերը` անսահման սիրո մասին: Նորից եմ ուզում վերադառնալ Քաշաթաղ, զգալ քո շունչը ծոծրակիս: Քայլել քեզ հետ ամայի բնակավայրերով( և ոչ ոք չիմանա, թե որտեղ ենք), զգալ քո ձեռքերի զգույշ հպումը շուրթերիս… … Նորից զգում եմ քեզ, զգում կողքիս: Մենք թաքնվեցինք այն բանից, որ առաջին անգամ կյանքում փորձեցինք: … Մեր միջև ձգված տարածությունը չի թողնում վերադարձնել այն ամենը, ինչից երջանիկ էինք… … Ե´վ իմ և´ քո հպարտություններն անքուն հսկում են մեզ… … Հետագա կյանքն էլ գնաց իր հունով` երկրագնդի պտույտներին համընթաց… Բայց մի՞թե այս բոլորը կարող են թեթևացնել այն ցավը, որ ծնվել է սիրուց: Իդեալական ցավ , որ բուժում չունի… * * * - Երկրագունդը պտտվում է: Քոչարյան Մոնի´կա, ազատի´ր ականջներդ այդ ականջակալներից: Դասն սկսվել է: - Ինչպե՞ս, տիկի´ն Սանթրոսյան, չէ՞ որ սա Բոբ Մառլին է: Ինչպե՞ս կարելի է: - Դա ո՞վ է, ի՞նչ կապ ունի աշխարհագրության հետ: - Այն կապը, որ ամբողջ աշխարն է լսում նրան: Համ էլ` Ձեր ասած երկրագունդը բոլորի համար չէ, որ պտտվում է: - Ինչպե՞ս: Ինչե՞ր ես խոսում, չեմ հասկանում: - Հայրիկս ասում է, որ երկրագունդը պտտվում է միայն այն մարդկանց համար, ովքեր կարողանում են` "make money” անել: Իսկ հայրիկս ամեն բան գիտի: Նա դեպուտատ է, նա չի սխալվի: Նա պատերազմում էլ է եղել: - Քո հայրիկը չի սխալվի, բայց դու ես սխալ հասկացել նրան, Մոնի´կա: - Միգուցե մայրի՞կս էլ է սխալվում: - Ի՞նչ է, նույն բա՞նն է ասում մայրիկդ: - Ո´չ: Ասում է, եթե երկրագունդը պտտվեր նաև տիկին Սանթրոսյանի համար, ապա նա գոնե շաբաթը մեկ` շրջազգեստը կփոխեր: * * * Երկրագունդը պտտվում է: Պտտվեց գլուխը, չհասկացավ` ինչ պատահեց: Սիրտը բռնած` ընկավ աթոռին: Ոչ ոք չվազեց` օգնություն կանչելու: Գիտակցությունը տեղն էր, բայց ասես հեռվից էր լսում աշակերտների խոսակցությունները: - Դնում եմ 50 դոլար, որ կես ժամից ամեն ինչ վերջացած կլինի: Ո՞վ է համաձայն make money անել,- Մոնիկայի ձայնը ամենածակողն էր: - Քսանհինգ հազար դրամ,- Արտաքին Գործերի նախարարության աշխատակցի դստեր` Էլենի ձայնն էր: - Երեսուն հազար դրամ, - լսեց Հրաչիկի՝ Թռչնաբուծական ֆերմայի տիրոջ տղայի ձայնը: - Ո՞վ է ավել տալիս: Հաշվում եմ: Երեսուն հազար` մեկ, երեսուն հազար` երկուս… * * * Առաջին հարկում ակնոցներով մի կին հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է գնում, ո՞ր հարկ: Տիկին Շուշանիկն ուշադիր նայեց կնոջը. - Հարկը չգիտեմ, դեպուտատ Քոչարյան Անդրանիկի մոտ եմ գնում: - Սպասեք զանգեմ, եթե կընդունի՞… - Բայց չէ՞ որ սա բնակարան է:Սա հո ընդունարա՞ն չէ: Ընդունեց: Ներս չհրավիրեց: Աստիճանավանդակում հարցրեց, թե ումից է ծրարը` վստահեցնելով, որ պատրաստ է օգնելու ամեն ինչով: Իմացավ, որ ուսուցչուհի Կարինե Սանթրոսյանից է: Խնդրել էր, որ եթե իրեն որևէ բան պատահի, այդ ծրարը հասցնեն հասցեատիրոջը: Զարմացավ: Երկար նայեց հաստ ծրարին: Կարծես տարիների` չուղարկված նամակներ լինեին: Հենց տեղում բացեց ու ծրարի միջից հանեց թերթերի` խնամքով կտրած հատվածներ` իր մասին տեղեկություններով, որոնցում արտացոլված էր գրեթե իր ամբողջ կարիերան: <Հավաքել է 11 տարի>,- մտածեց ու շրջեց ծրարը : Ասես պակաս թերթի կտոր էր փնտրում: Ծրարից` սալիկապատ աստիճանավանդակին թափվեցին չորացած անմոռուկների թերթիկները ….
|